Ո՞ր տարիքում է ավելի ճիշտ երեխա ունենալ

35-ից հետո հղիանալ եւ ծննդաբերել ցանկացող կանանց մասնագետները խոհուրդ են տալիս անպայման վերահսկել իրենց կենսակերպը

Շատ երիտասարդ եւ շատ հասուն տարիքում երեխա ունենալն այնքան էլ լավ գաղափար չէ, ասում են Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բրիտանական Թագավորական քոլեջի մասնագետները։ Երիտասարդ օրգանիզմը դեռեւս պատրաստ չէ հղիության եւ ծննդաբերության, իսկ հասուն տարիքում կնոջ բեղունությունը նվազում է, բացի այդ, բարձրանում է թե՛ մոր, թե՛ երեխայի մոտ բարդությունների առաջացման հավանականությունը։

Մասնագետների խոսքով՝ ավելի ճիշտ է երեխա ծննդաբերել 20-35 տարեկանում։ Արդեն 30 տարեկանից հետո բեղունությունը նվազում է, եւ հղիանալը դառնում է ավելի դժվար։ 40-ին մոտ հղիների մոտ բարձրանում է գեստացին դիաբետի եւ այլ բարդությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են առաջ բերել առողջական խնդիրներ ինչպես հենց նրանց, այնպես էլ երեխաների մոտ։

Հետաքրքիր է, սակայն, որ տարիքի հետ կանանց մոտ ավելանում է բազմապտուղ հղիության եւ երկվորյակների ու եռյակների ծնվելու հավանականությունը։

35-ից հետո հղիանալ եւ ծննդաբերել ցանկացող կանանց մասնագետները խոհուրդ են տալիս անպայման վերահսկել իրենց կենսակերպը։ Որքան բարձր է առողջության պոտենցիալն այդ տարիքում, այնքան բարձր են հաջող հղիության եւ առողջ երեխա ծննդաբերելու շանսերը։

Մեծ Բրիտանիայում այսօր մանկածնության միջին վիճակագրական տարիքը 30-ն է, ընդ որում՝ այս թիվն աճում է 1975-ից։ Ավելին, Անգլիայի եւ Ուելսի Ազգային վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ երկրում ավելանում է 40 տարեկանից բարձր կանանց ծնելիությունը. բրիտանուհիների մեջ 40-ից բարձր տարիքի տիկնայք ավելի հաճախ են երեխա ունենում, քան 20 տարեկանից երիտասարդ աղջիկները, գրում է med.news.am: