Արարատ Միրզոյանը մեկ շաբաթվա ընթացքում հայտնում է երկու իրարամերժ տեսակետ

Իրավաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիսի 21-ին Արարատ Միրզոյանը, իր հարցազրույցի ընթացքում Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարելով իրավաչափ, նշում է հետևյալը. «Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը շատ հիմնավոր կերպով ասեց, որ Սահմանադրական դատարանում երկու դատավոր կա, որոնցից մեկը կարծես թե Հանրապետությունից բացակայում է, հետևաբար պարտականությունները ինչ-որ մեկը պետք է կատարի»:

Այսինքն՝ այս հարցազրույցի ընթացքում պարոն Միրզոյանն ամբողջությամբ համաձայնում է Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի կատարած հայտարարությանը՝ փաստելով, որ այդ պահի դրությամբ Սահմանադրական դատարանում առկա է յոթ դատավորի թափուր տեղ:

Սակայն հունիսի 28-ին պարոն Միրզոյանը նույն թեմայով մեկ այլ հարցազրույց է տալիս, նշելով, որ Սահմանադրական դատարանի մասով առկա է անորոշություն, կարելի է խոսել նաև ճգնաժամի մասին, այսպիսի ճգնաժամից ժողովուրդները դուրս են գալիս լայն քննարկումների և կոնսենսուսի ճանապարհով: Միրզոյանը նշում է նաև, որ կա տեսակետ, որ Վահե Գրիգորյանն անում է Սահմանադրության տառացի մեկնաբանություն, մինչդեռ պետք է կարևորել նաև Սահմանադրության ոգին:

«Պետք է, այնուամենայնիվ, ընդունենք, չէ՞, որ կա հասարակության անվստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, և դա նոր չի, և դա հեղափոխությունից հետո չի, դա եղել ա տասնամյակներ շարունակ, և մարդիկ նաև հարցեր են բարձրացնում Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված»:

Փաստորեն, պարոն Միրզոյանը մեկ շաբաթվա ընթացքում հայտնում է երկու իրարամերժ տեսակետ. հունիսի 21-ին խոսում է այն մասին, որ ՍԴ-ում կա 2 դատավոր, իսկ հունիսի 28-ին նշում, որ այս հարցում առկա է անորոշություն, ճգնաժամ, պետք է քննարկումներ կազմակերպել և հասկանալ, թե որ տարբերակն է ճիշտ:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է իշխանության մոտ ոչ թե իրավունքի գերակայության կամ Սահմանադրության պաշտպանվածության մտահոգության մասին, այլ հավաստում է առաջադրված հակաօրինական նպատակին ցանկացած եղանակով հասնելու համառ ձգտումը՝ այն ուղեկցելով սեփական սկզբունքային դիրքորոշումը կայծակնային արագությամբ փոխելով»։