Այսօր տեղի է ունեցել նոր babycef.am պլատֆորմի բացումը, որը ծնողներին կօգնի երեխաների խնամքի մասին տեղեկություններ ստանալ

ՅՈւՆԻՍԵՖ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայն իր կողմից դրական գնահատեց Հայաստանի կառավարության քայլերը մանուկների առողջության պահպանման ուղղությամբ

Երեւանում հունիսի 28-ին տեղի է ունեցել նոր babycef.am պլատֆորմի շնորհանդեսը, որը ծնողներին կօգնի երեխաների խնամքի մասին հավաստի տեղեկություններ ստանալ:

Կայքում, մասնավորապես, հրապարակված են տեղեկություններ երեխայի զարգացման եւ անվտանգության մասին, փորձագիտական խորհուրդներ առողջական տարբեր խնդիրների եւ քնի ու սնվելու ռեժիմի խանգարումների դեպքում: Դրանից բացի, ծնողները կկարողանան ծանոթանալ 9-12 ամսական փոքրիկների ճաշատեսակների բաղադրատոմսերին, ինչպես նաեւ հոդվածներ կարդալ երեխաների դաստիարակության ու վարքագծի մասին:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ babycef.am կայքը ծնողների կողմից պահանջված կլինի, քանի որ այստեղ հնարավոր է գտնել մեծ թվով արդիական հարցերի պատասխաններ, որոնք առնչվում են մանկական առողջությանը, խնամքին եւ հիգիենային: Նախարարն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ համացանցում ստեղծվում են ծնողների խմբեր, որոնք տարածում են հաճախ ոչ հավաստի տեղեկություններ եւ խորհուրդներ, որոնք կարող են երեխայի առողջության համար անվտանգ չլինել: Սրա հետ կապված հատուկ նշվեց babycef.am-ի նման պլատֆորմների ստեղծման կարեւորությունը, որտեղ հրապարակվում են ստուգված եւ բժշկական հանրույթի հավանությունը ստացած տեղեկություններ:

Թորոսյանը չբացառեց, որ ապագայում babycef.am-ը կգործի նաեւ բջջային հավելվածի ձեւով: Նախարարը նաեւ ցանկություն հայտնեց կայքում ծնողների համար հնարավորություն ստեղծել փորձագետներին ուղղելու իրենց հուզող հարցերը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայն իր կողմից դրական գնահատեց Հայաստանի կառավարության քայլերը մանուկների առողջության պահպանման ուղղությամբ՝ նշելով նախօրեին ընդունված որոշման կարեւորությունը 0-18 տարեկան երեխաներին պետպատվերի շրջանակում ստացիոնար բուժօգնության եւ սպասարկումների տրամադրման որոշման մասին։ Հիշեցնենք, որ այդ կարիքների համար որոշվել է հատկացնել 1.75 մլրդ դրամ։ «Մենք երկար ժամանակ փորձել ենք իրականացնել դա»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով կառավարական որոշման համար։

Ռադոչայը նշել է, որ ծնողներն իրականացնում են աշխարհում ամենակարեւոր աշխատանքը՝ նոր սերնդի դաստիարակությունը։ Այդ ճանապարհին նրանք հատկապես մասնագետների խորհուրդների կարիքն ունեն, ինչն առավել ակներեւ դրսեւորվում է համատարած ինտերնետի դարաշրջանում, որտեղ այս կամ այն հարցի մասին տեղեկատվությունը տարածվում է ինչպես փորձագետների, այնպես էլ ծնողական ընկերակցությունների կողմից։ Հաշվի առնելով սա՝ ստույգ տվյալների դերը զգալիորեն ավելանում է։ Ռադոչայը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ babycef.am կայքում տեղադրվում է միայն այն տեղեկատվությունը, որն արժանացել է մասնագետների հավանությանը։

Ավելացնենք, որ babycef.am տեղեկատվական պորտալը ստեղծվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի եւ Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ։