Մադուրոն հայտնել է հեղաշրջման մասնակիցներին ձերբակալելու մասին

Մադուրոյի խոսքով՝ կառավարության տապալման փորձը կազմակերպել էր երկրի ընդդիմությունը

Վենեսուելայում երրորդ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է Noticias-ը:

«Մենք բացահայտել, ջախջախել եւ բռնել ենք ահաբեկչական խմբին, որը ցանկանում էր հարձակում իրագործել վենեսուելական հասարակության եւ ժողովրդավարության դեմ»,- ասել է նա՝ չհստակեցնելով ձերբակալվածների թիվը:

Մադուրոյի խոսքով՝ կառավարության տապալման փորձը կազմակերպել էր երկրի ընդդիմությունը՝ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի եւ ԱՄՆ Սպիտակ տան համակարգմամբ, փոխանցում է Panorama-ն: Մադուրոն պնդում է, որ իշխանության տրամադրության տակ են պահեստազորի զինվորականների եւ ոստիկանների մասնակցությամբ կազմակերպիչների բանակցությունների «ավելի քան 56 ժամ տեւողությամբ ձայնագրություններ», «որոնք ցանկանում էին իշխանության գալ արյունահեղության եւ սպանությունների ճանապարհով»:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, Ազգային ասամբլեայի նախագահն իր հերթին հերքել է հեղաշրջման փորձին մասնակցությունը: Դրանից բացի, նա հայտնել է, որ Կարակասում զինված մարդկանց խումբը փորձել է բռնել իր 2 աշխատակցին եւ տանել երկրի ռազմական հակահետախուզության վարչություն, գրում է news.am:

Չհաջողված հեղաշրջման փորձի մասին հայտնել էր Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը: Նրա պնդմամբ՝ դավադրության մասնակիցները պատրաստվում էին Մադուրոյին եւ նրա կնոջը սպանել, գրավել Կարակասում Լա Կառլոտա ռազմաբազան, կալանքից ազատել ընդդիմության կողմն անցած երկրի պաշտպանության նախկին նախարար Ռաուլ Բադուելին եւ նրան հռչակել երկրի նախագահ: