Փոքրիկ Չառլի Ռոյերը մոր արգանդում եզակի վիրահատության է ենթարկվել

Բժիշկները չեն բացառել հնարավորությունը, որ երեխան կկաթվածահարվի, սակայն վիրահատությունը հաջող է անցել, եւ Չառլիի առողջությունն աստիճանաբար վերականգնվում է

2017 թվականի սեպտեմբերին փոքրիկ Չառլի Ռոյերը մոր արգանդում եզակի վիրահատության էր ենթարկվել՝ ուղված ողնաշարի ճեղքի բուժմանը:

The Daily Mail-ը փոխանցում է, որ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրները հայտնաբերվել են հղիության 13-րդ շաբաթում: Մոր արգանդում վիրահատությունն ուղեկցվում է լուրջ ռիսկերով, սակայն նրա ծնողները՝ Լեքսին ու Ջոշուվան համաձայնվել են հեղափոխական վիրահատությանը, որը մշակել են Տեխասի մանկական հիվանդանոցի վիրաբույժները եւ Բարսելոնայից բժիշկները: Նրանք վիրահատության ժամանակ արգանդը չեն հատել, այլ դրա վրա ոչ մեծ ճեղքեր են բացել եւ դրանց մեջ գործիքներ ու տեսախցիկներ դրել: Այնուհետեւ պտղի ողնաշարի վրա կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունը: Այդ պահին Լեքսին 24-շաբաթական հղի էր:

Չառլին լույս աշխարհ է եկել 2018 թվականի հունվարին: Բժիշկները չեն բացառել հնարավորությունը, որ երեխան կկաթվածահարվի, սակայն վիրահատությունը հաջող է անցել, եւ Չառլիի առողջությունն աստիճանաբար վերականգնվում է: Ծնողները հույս ունեն, որ ապագայում նա կկարողանա քայլել առանց կողմնակի օգնության: Ողնաշարի ճեղքի դեպքում հաճախ միզապարկի խնդիրներ են հանդիպում, սակայն Չառլիին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է դրանից խուսափել: Բացառված չէ, որ տարիք առնելուն զուգահեռ՝ տղան ստիպված կլինի մի շարք վիրահատությունների ենթարկվել, սակայն նրա ծնողները լավատեսորեն են տրամադրված: