Վաղաժամ ծննդաբերության պատճառով զույգը հարսանիք արեց ծննդատան միջանցքում

Քանի որ ամուսնությունը տեղի էր ունենում այցելուների համար փակ բաժանմունքում, Շանթելի եւ Ջեմիսոնի հարազատներից ու մերձավորներից ոչ ոք ներկա չէր ամուսնական արարողությանը

Շանթելը եւ Ջեմիսոնը ստիպված էին ամուսնանալ հենց ծննդատան միջանցքում, երեխայի ծնվելուց երկու ժամ առաջ։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, սիրահարները մտադիր էին հարսանեկան արարողությունն անցկացնել քաղաքապետարանում, բայց Շանթելի առողջական վիճակը վատացավ եւ խառնեց բոլոր խաղաթղթերը։ Արդյունքում՝ հարսն ամուսնացավ ոչ թե սպիտակ զգեստով, այլ հիվանդանոցի խալաթով։

Շանթելը եւ Ջեմիսոն

Հղիության 29-րդ շաբաթում 22-ամյա կնոջ մոտ ի հայտ եկավ վարակ արգանդում։ Երեխային կարող էր փրկել միայն վաղաժամ ծննդաբերությունը։ Շանթելը եւ Ջեմիսոնը ցնցված էին նորությունից, քանի որ մտադիր էին իրենց հարաբերությունները գրանցել փոքրիկի ծնվելուց առաջ։ Արդյունքում՝ հավուր պատշաճի հարսանեկան արարողության փոխարեն նրանք ստիպված էին երկու ժամվա ընթացքում կազմակերպել հարսանեկան տոնակատարությունը։

Վարդերի փունջն ու հարսի փնջիկը, ինչպես նաեւ հարսանեկան տորթն ու սիդրը հիվանդանոց բերեցին ուսանող բժիշկները։ Նախապես գնված սպիտակ ժանեկավոր զգեստի փոխարեն հարսը հիվանդանոցի վանդակավոր խալաթով էր։ Սիրահարների ամուսնությունն օրհնեց Էմի Սթրանոն, որը հվանդանոցում պատասխանատու է պացիենտներին ցուցաբերվող հոգեւոր օժանդակության համար։

Շանթելը եւ Ջեմիսոն

Քանի որ ամուսնությունը տեղի էր ունենում այցելուների համար փակ բաժանմունքում, Շանթելի եւ Ջեմիսոնի հարազատներից ու մերձավորներից ոչ ոք ներկա չէր ամուսնական արարողությանը։ Արդյունքում՝ հարսանիքի հյուրեր դարձան բուժքույրերը, բժիշկներն ու բուժհաստատության այլ աշխատակիցներ։

Չնայած այսքան արտասովոր հարսանիքին՝ հարսն ինքը երջանիկ էր։ «Ամեն բան շատ ավելի լավ ստացվեց, քան եթե արարողությունն անցներ քաղաքապետարանում»,- ասաց նա։

Երկու ժամ անց, կեսարյան հատման միջոցով, տղա ծնվեց, որին անվանեցին Էլիաս։ Առաջիկա երկու-երեք ամիսները փոքրիկը կանցկացնի հիվանդանոցում, որպեսզի լիովին վերականգնվի։ Բարեբախտաբար, նրա մոտ վարակի ոչ մի նշան չի հայտնաբերվել։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ կկարողանանք նրան պատմել նրա լույս աշխարհ գալու արտասովոր պատմությունը»,- ասում են ծնողները։