ՌԴ-ում ձերբակալվել է գործարար Ալբերտ Խուդոյանը

Փաստաբանները կարծում են, որ գործը «պատվիրված» է, և զուգահեռներ են անցկացնում Լևոն Հայրապետյանի գործի հետ

Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանը, որի նկատմամբ դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել:

Խուդոյանը մեղադրվում է խարդախության, մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու և այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում:

Ալբերտ Խուդոյանն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական գործն ունի «պատվիրված» բնույթ:

«Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես գործարարի ակտիվների բռնազավթման գործիք: Այդ գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,-հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է՝ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:

Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:

«Օրերս առիթ եղավ հիշելու Լևոն Հայրապետյանին: Գործընկերս հիմնավոր բողոքում էր այն մասին, որ Խուդոյանի դեմ քրեական գործը հարուցվել է հետախուզման մեջ գտնվող անձի բողոքի հիման վրա: Դա ինձ բացարձակապես չզարմացրեց, քանի որ իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին մի գործով, որի շրջանակում տուժողը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևն էր»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է Մարգարյանը:

Աղբյուրը նկատում է, որ գործի «պատվիրված» բնույթի մասին է վկայում հենց դատավարության ընթացքը: Ի սկզբանե դատական նիստը պետք է բաց լիներ, հետո դատավորի վճռով այն դռնփակ դարձավ: Նույնիսկ վկաներին սկսեցին թույլ չտալ մասնակցել դրան:

Գործին անդրադարձել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որի համոզմամբ՝ դա ընթացակարգային բոլոր նորմերի խախտում է:

«Մարդը պարզապես դուրս է գալիս և բաց տեքստով ասում՝ «դատավորն ասաց՝ ոչ մեկին ներս չթողնել»: Բայց ինչպե՞ս դատավորը կարող է ասել «ներս չթողնել»: Այս ի՞նչ եք ասում: Այդ մարդը (Խուդոյանը-tert.am), որը երկար տարիներ զբաղվել է հաջողակ բիզնեսով, միշտ էլ կատարել է իր պարտավորությունները: Նա բազմաթիվ առևտրային կենտրոններ է կառուցել: Այս ամենը տեղի է ունենում միայն նրա համար, որպեսզի նրան ճնշեն և ինչ-որ բիզնես շահեր բավարարվեն»,-ասել է Սոբչակը:

Խուդոյանի փաստաբանը հայտարարել է, որ  իր պաշտպանյալի դեմ բողոքած մյուս անձը՝ Գովյադինը, քննիչի ներկայությամբ կասկածյալից 100 մլն դոլար է պահանջել գործի կարգավորման համար: Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս ստուգում սկսելու այն հարցի շուրջ, որ հայցվորները կարող են գաղտնի դավադրության մեջ լինել:

Անցած ուրբաթ հայտնի է  դարձել, որ Խուդոյանի գործը փոխանցվել է «Բիզնեսն ընդդեմ կոռուպցիայի» փորձագիտական գնահատման կենտրոնին: ՌԴ բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը հայտարարել է, որ հայցը ներկայացրած կողմն արբիտրաժային դատարանով անհրաժեշտ փուլը չի անցել: