Մելինե Դալուզյանը հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր. դեսպանություն

Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ  ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա:

«Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։

Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը, որը բնակվում է Նիդեռլանդներում, տեղեկացրել է, որ Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի գլխավորությամբ ժամանել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Մելինե Դալուզյանին:

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը։

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրա կենսական օրգանները խոցված չեն, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։