Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև սկզբունքային տարբերություններ կան. Ալեն Սիմոնյան

Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսի հետ էլ ենք համագործակցում, ինչու չեք ասում, որ միակարծիք ենք նաեւ իրենց հետ

Նիկոլ Փաշինյանի իշխանության հետեւից երեւում է հայ ժողովրդի կամքը, եւ որեւէ ավել բան չի կարող երեւալ երբեւիցե: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետեւում կանգնած է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարություններին չի ցանկանում նույն ոճի մեջ արձագանքել, եւ եթե նախկին թիմի անդամներից մեկ կամ երկու հոգի համագործակցում է, դա չի նշանակում որ իրենք համակարծիք են:

«Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսի հետ էլ ենք համագործակցում, ինչու չեք ասում, որ միակարծիք ենք նաեւ իրենց հետ: Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ սկզբունքային տարբերություններ կան: Եթե հիմա ես որեւէ մեկի հետ շփվեմ կամ համագործակցեմ, ապա դա նշանակում է, որ քաղաքական առումով այդ 2 թիմերը նո՞ւյնն են: Ու այդ հայտարարություններին ես ժպիտով եմ վերաբերվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով երեկ՝ Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքին Ալեն Սիմոնյանն ասաց, որ ողջունում է հանրահավաքը.

«Կարծում եմ, որ ՀՅԴ-ն պետք է էլ ավելի ակտիվ լինի քաղաքական դաշտում, քանի որ իր անհրաժեշտությունը կա ու միշտ եղել է»,- ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ կուսակցության անդամներից են եղել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: