Հայաստան մեկնելը նման է տատիկի մոտ գյուղ գնալուն

Афиша Daily-ն անդրադարձել է Հայաստանում գաստրոզբոսաշրջությանը

Ռուսական Афиша Daily պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում գաստրոզբոսաշրջության մասին, որում ներկայացվում են հայկական ավանդական ուտեստների առանձնահատկությունները:

«Երևան մեկնելը նման է տատիկի մոտ գյուղ գնալուն: Տատիկի, որը գիտի տոլմայի, խաշի, քաբաբի և հարիսայի նշանակությունը, իսկ երեկոյան սնդուկից հանում է նորաձև հագուստը և տեխնո երաժշտության ներքո հիշում երիտասարդությունը կամ ջազի ուղեկցությամբ զրուցում անցած-գնացած օրերից: Դե, հասկացաք և, կարծում եմ, հավաքեցիք ճամպրուկները՝ տեղ թողնելով գինու և կոնյակի համար»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում հակիրճ կերպով նկարագրված են Հայաստանի ամենանորաձև հաստատությունները՝ ռեստորաններից մինչև գինետներ, որտեղ կարելի է համտեսել ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, գինին, ինչպես նաև լավ երաժշտություն վայելել:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հայկական շուկաներին, որտեղ կարելի է հիանալ հայկական գյուղատնտեսության ձեռքբերումներով և համտեսել ամենաբազմազան քաղցրավենիքները՝ ընկույզով դեղձի չիր, փախլավա, մուրաբայից մինչև քաղցր լավաշ և ձմերուկի չիր: