Արցախի նախկին և ներկայիս նախագահները ժամը 17–ին կժամանեն դատարան

Նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը, բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ժամը 17–ին կժամանեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նշենք, որ նախագահող դատավորը պարտադիր էր համարել երաշխավորողների ներկայությունը դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց պետք է բացատրել իրենց իրավունքները: Բացի այդ, անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները մայսիսի 14–ին դատարանին ներկայացրեցին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը։

Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։