Մատնահարդարման սրահներում աշխատանքը 100 անգամ մեծացնում է քաղցկեղի հավանականությունը

Մասնագետներին, մասնավորապես, հետաքրքրում էր օդի մեջ ֆորմալդեհիդի, բենզենի, եւ քսիլենի խտությունը, պարզվել է, որ գեղեցկության սրահներում օդում այս թունավոր նյութերի պարունակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունը

Մատնահարդարման սրահներում աշխատանքը առողջության համար կարող է վտանգավոր լինել օդում թունավոր նյութերի խտության բարձր մակարդակի հետեւանքով: Այսպիսի եզրակացության են հանգել Կոլորադոյի համալսարանի մասնագետները:

Փորձագետները հետազոտության շրջանակում 1,5 տարի օդի մոնիթորինգ են անցկացրել Կոլորադո նահանգի մատնահարդարման սրահներից վեցում: Մասնագետներին, մասնավորապես, հետաքրքրում էր օդի մեջ ֆորմալդեհիդի, բենզենի, տոլուենի, էթիլբենզենի եւ քսիլենի խտությունը: Պարզվել է, որ բոլոր գեղեցկության սրահներում օդում այս թունավոր նյութերի պարունակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի խտությունը:

Սա, իր հերթին, ուղղակիորեն կապված է քաղցկեղի այնպիսի տեսակների զարգացման հավանականության հետ, ինչպես՝ հարթբջջային կարցինոման, քթաըմպանի քաղցկեղը, Խոջկինի լիմֆոման եւ լեյկոզը:

Սրահների աշխատակիցների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանցից 70 տոկոսի մոտ առկա էին ախտանշաններ, որոնք հատուկ են թունավոր նյութերով հաստատությունում երկարատեւ մնալուն (գլխացավ, մաշկի գրգռվածություն եւ այլն):

Գիտնականների գնահատմամբ՝ մատնահարդարման սրահում ավելի քան 20 տարի աշխատելը 100 անգամ մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ թունավոր նյութերի անվտանգ մակարդակով հաստատությունում աշխատելու համեմատությամբ: Ավելին՝ նման գործունեությունը առողջությանը նույնպիսի վնաս է հասցնում, ինչպես նավթավերամշակման գործարանում աշխատանքը:

Միեւնույն ժամանակ, մատնահարդարման սրահների հաճախորդները իրենց առողջության համար մտահոգվելու կարիք չունեն, քանի որ այդ հաստատություններում սահմանափակ քանակությամբ են ժամանակ անցկացնում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Pollution ամսագրում: