Պատգամավորի մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք եւ ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում

Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու եւ լուծումներ գտնելու համար. Նաիրա Զոհրաբյան

Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք եւ ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետեւ իրենցից դեռ շատ առաջ, իրենց «պերվապրախոդցիները», նույն սկավառակը քանիցս պտտեցրել են: 

Ուստի, միչուրինյան տարատեսակ պատվաստումների արդյունքում քաղաքական լանդշաֆտում հայտնված տարբեր գվարդիաների այսօր չեմ պատասխանելու: Վաղը` եւս: Մյուս օրը` առավել եւս:

Բայց, մի թեզի կողքով չկարողացա անտարբեր անցնել: Պարզվում է, քաղաքական նոր լանդշաֆտի որոշ շահառուներ, իրենց ֆեյքային ավանգարդով շրջանառում են թեզեր, որ ԲՀԿ խմբակցությունը հեսա-հեսա պառակտվելու է, եւ մեկ էլ` ինչ-որ «մանդատաթեմա» են պտտեցնում ֆեյսբուքյան առաջնագծում: 

Ուրեմն այսպես` ինչքան էլ մեզ սիրեն կամ չսիրեն, մեկ բանում, վստահ եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ խմբակցությունը պառակտել հնարավոր չի: Դե, ուղղակի հնարավոր չի եւ վերջ: Որովհետեւ մեր շարքերում «դեզերտիրներ» չկան:

Մանդատների մասով. ես, իհարկե, հասկանում եմ, որ կան ու միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար պատգամավորական մանդատը տվյալ մարդու ողջ բովանդակությունն է, որովհետեւ հենց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է: 

Ես ու իմ ընկերները սրբազան սարսուռ չունենք պատգամավորական մանդատի հանդեպ եւ ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու եւ լուծումներ գտնելու համար: Այնպես որ, երբեւէ ինչ որոշումներ էլ կայացնենք, այդ որոշումները լինելու են միասնական, լինելու է մեր բոլորի որոշումը: 

Որովհետեւ մենք թիմ ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել»: