Վրաստանի նախագահը աննպատակահարմար է համարել երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցումը

2016-ին Թբիլիսիում բացվել է  Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածննդի դպրոցը

Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը աննպատակահարմար է եւ կարող է ընկալվել որպես սադրանք։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում։

«Ես խորհուրդ չէի տա անել դա։ Այս երկիրը գտնվում է մի այնպիսի տեղում, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը։ Չկա այնպիսի քայլեր անելու անհրաժեշտություն, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք։ Եվ միեւնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ռազմակայան ունենալ, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ահաբեկչական շարժումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են ներկայացված մեր տարածաշրջանում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների։

Վրաստանը եւ ԱՄՆ-ը կապված են 2009 թվականին ձեւակերպված Ռազմավարական գործընկերության խարտիայով։ Թբիլիսին 1994-ից ինտենսիվորեն համագործակցում է  ՆԱՏՕ-ի հետ եւ քանիցս ցանկություն է հայտնել մտնել դաշինք։ 2015-ի օգոստոսին Կրծանիսի ռազմակայանում բացվել է Վրաստան-ՆԱՏՕ մարզումների եւ գնահատականների համատեղ  կենտրոնը։

2016-ին Թբիլիսիում բացվել է  Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածննդի դպրոցը, 2018-ի մայիսին՝ ԱՄՆ մասնակցությամբ, Վազիանիում բացվել է Մարտական պատրաստության կենտրոնը գերմանական Հոհենֆելս ռազմակայանի նմանությամբ, որը նախատեսված է վրացի զինծառայողների վերապատրաստման համար, պաշտպանական ծրագրի շրջանակում։ Այս տարվա ապրիլին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան առաջարկել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ երկրներին տրամադրել վրացական ռազմական ենթակառուցվածքը՝ զորավարժություններ անցկացնելու համար։