11-ամյա աղջիկը մահացել է ատամի մածուկի առաջացրած ծանր ալերգիկ ռեակցիայից հետո

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Արեւմտյան Քովինայում, որտեղ 11-ամյա Դենիզ Սելդեյթը մահացել է ատամի մածուկի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիայից հետո: Այս մասին հայտնել է The Daily Mail-ը:

Ատամների էմալի ամրապնդման համար ատամնաբույժը աղջկան նշանակել է MI Paste One ատամի մածուկը: Ծնողները, սակայն, չէին կարդացել ատամի մածուկի բաղադրությունը, որի մեջ, ինչպես պարզվել է, մտել է Recaldent կաթնային սպիտակուցը: Դենիզը մանուկ հասակից կաթնամթերքի նկատմամբ ալերգիա ուներ, արդյունքում նա աֆիլակտիկ շոկի մեջ է ընկել MI Paste One-ն օգտագործելուց անմիջապես հետո: Աղջիկը շտապ հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել. երկու օր հետո նա հիվանդանոցում մահացել է:

Ողբերգությունից հետո Դենիզի ծնողները որոշել են իրենց ջանքերն ուղղել ալերգիկ ռեակցիաների վտանգավորության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը եւ ցանկացած, անգամ սովորական մթերքների ու ապրանքների բաղադրությունը մանրակրկիտ ուսումնասիրելու կարեւորության ընդգծմանը: