Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ մարդը մահանում է անառողջ սննդի հետևանքով

Գիտնականները պարզել են, սխալ սնվելու ռեժիմը կյանքի համար ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ծխախոտը

Սխալ սննդակարգի հետևանքով տարեկան մահանում է մոտ 11 մլն մարդ: Այս մասին հաղորդվում է Lancet գիտական ամսագրում:

 Գիտնականները պարզել են, սխալ սնվելու ռեժիմը կյանքի համար ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ծխախոտը: Այսօր աշխարհի բնակչության յուրաքանչյուր 5-րդի մահվան պատճառն անառողջ սնունդն է: Խոսքը ոչ թե ճարպակալման հետևանքների, այլ սխալ սննդակարգի մասին է, որը բացասաբար է ազդում սրտի վրա և կարող է նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Այս ուղղությամբ տարբեր հետազոտություններ են անցկացվել, ամենահեղինակավորը «Հիվանդության համաշխարհային բեռը» հետազոտական ծրագիրն է:

Վտանգավոր է համարվում սննդի այն չափաբաժինը, որի մեջ պարունակվում է

  1. մեծ քանակությամբ աղ – 3 մլն մահ
  2. ամբողջահատիկ մթերքների անբավարարություն – 3 մլն մահ
  3. մրգերի անբավարարություն – 2 մլն մահ

Մյուս կարևոր սննդատեսակները, որոնք պետք են, բայց բացակայում են մեր սննդակարգից՝ ընդեղենն է, սերմերը, բանջարեղենը, «Օմեգա-3» ճարպաթթու պարունակող ծովամթերքը:

Սխալ սննդակարգի հետևանքով 11 մլն մահվան դեպքերից մոտ 10 մլն-ի մոտ դիտվել է սիրտ-անոթային հիվանդություններ, որն էլ հետևանք է աղի չարաշահման:

Աղի չարաշահման հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, որն էլ բարձրացնում է սրտի նոպայի կամ ինսուլտի առաջացման հավանականությունը: Աղը կարող է ազդել սրտի և արյունատար անոթների վրա նաև ուղղակիորեն, որն էլ հանգեցնում է սրտի անբավարարության:

Ամբողջահատիկները, մրգերն ու բանջարեղենը հակառակ ազդեցությունն են թողնում. օգնում են սրտի աշխատանքին՝  նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

Սխալ սննդակարգի հետևանքով առաջացող մյուս վտանգավոր հիվանդություններն են քաղցկեղը և 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ մեր սննդի օրաբաժնում ամենաքիչը ներառված են ընկուզեղենն ու սերմերը: Դա պայմանավորված է մի քանի հանգամանքով: Ընկուզեղենն ու սերմերը համարվում են գիրացնող, չեն համարվում կարևորագույն տարր մեր օրաբաժնում:

Լայնամասշտաբ հետազոտությունները պարզել են, անառողջ սնունդը կյանքը միջինը կրճատում է 2 տարով:

Միջերկրածովյան երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, Իսպանիայում և Իսրայելում, անառողջ սննդի հետևանքով մահվան դեպքերը նվազագույնն են: Հակառակ պատկերն է Հարավարևելյան, Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրներում: Օրինակ` եթե Իսրայելում անառողջ սննդակարգի պատճառով 100.000 բնակչի հաշվով հանդիպում է 89 մահվան դեպք, ապա Ուզբեկստանում 100.000 բնակչի՝ 892 դեպք: Բրիտանիայում ևս մարդիկ անառողջ են սնվում՝ 127 մահվան դեպք 100.000 բնակչի հաշվով:

Ի դեպ, սպառման ցուցանիշներն էլ հաստատել են, այն երկրներում, որտեղ ավելացել են մահվան դեպքերը, այնտեղ մեծացել է նաև աղի սպառման ցուցանիշները: Հարկավոր է ոչ միայն նվազեցնել աղի քանակը, այլև սննդակարգում ավելացնել միրգ-բանջարեղեն, հատիկեղեն ու սերմեր:

Ի դեպ, աղքատ երկրներում այդպիսի սննդակարգը կկազմի բյուջեի 52%: Հետազոտողները խնդրի կարգավորման  տարբերակ են համարում նաև անառողջ սննդի վրա ակցիաների ու զեղչերի կիրառման արգելումը: