Չինացի ուսանողները 900 000 դոլարի վնաս են հասցրել Apple-ին

Նրանց հաջողվել է վաճառել 1493 հեռախոս, իսկ մյուս 1576-ի դեպքում սպասարկման կենտրոնները չեն փոխել բջջայինները

1

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը մի համակարգ է բացահայտել, որի միջոցով երկու չինացի ուսանողի հաջողվել է խաբել և 900 000 դոլարի վնաս հասցնել Apple ընկերությանը: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Փորթլենդում բնակվող ուսանողներ Յանյան Չժոուն և Ցյուան Ցզյանն ամերիկյան ընկերության սպասարկման կենտրոններ են տարել 3059 կեղծ iPhone, որոնք ստացել էին Չինաստանում բնակվող հարազատներից և ընկերներից: Գաջեթները տարբեր հասցեներով էին ուղարկվում, այնուհետև ուսանողները դրանք հանձնում էին վերանորոգման՝ օգտագործելով մտացածին անուններ: 

Նշվում է, որ դեպքերի գրեթե կեսի պարագայում սմարթֆոնները փոխարինվել են նորերով, այսինքն՝ իրական iPhone-ներով: Դրանք ուսանողները վաճառել են Չինաստանում: Նրանց հաջողվել է վաճառել 1493 հեռախոս, իսկ մյուս 1576-ի դեպքում սպասարկման կենտրոնները չեն փոխել բջջայինները:

Մաքսային ծառայության աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ խաբեբաների հետքի վրա, երբ նրանց անունով վեց անգամ անընդմեջ կեղծ սմարթֆոններով փաթեթներ են ստացվել: 

Ուսանողներից մեկին մեղադրել են կեղծ ապրանքների վաճառքի և խարդախության մեջ, մյուսին՝ արտահանման հայտարարագրերում կեղծ տվյալներ նշելու մեջ: Վերջիններս իրենց ներկայացված մեղադրանքը հերքում են: