Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում

Մետաղական հանքերի հետ կապված շատ կարևոր է, որ մենք  օրենսդրական որոշակի բարելավումներ անենք մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թեղուտի հանքավայրում առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, մարդիկ կսկսեն աշխատել: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  Թեղուտում հասել են մի փուլի, երբ այնտեղ ռեալ շարժեր են տեղի ունենում: «Մեր հույսն այն է, որ առաջիկա 1-1.5  ամսվա ընթացքում այնտեղ կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, այսինքն՝ մարդիկ կսկսեն աշխատել: Ինձ երեկ ասել են, որ արդեն ադմինիստրատիվ կարգի խնդիրներ են լուծվում և կլուծվեն նախապատրաստական կարգի խնդիրներ, որից հետո կմտնեն հաջորդ փուլ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև այն մետաղական հանքերի հետ կապված խնդիրներին, որոնք ունեն շահագործման լիցենզիա, սակայն երկար տարիներ չեն շահագործվում:

«Մետաղական հանքերի հետ կապված շատ կարևոր է, որ մենք  օրենսդրական որոշակի բարելավումներ անենք մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում, որպեսզի հաջորդ անգամ նույնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, երբ մեր օրենսդրությամբ ձևավորված ՇՄԱԳ-ից հետո ստիպված լինենք պետական բյուջեից  փող տալ, որպեսզի միջազգային փորձագետ հրավիրենք իրավիճակը գնահատելու համար:  Մենք պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որը բացառի բոլոր կոռուպցիոն ռիսկերը և երկրորդը՝ այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը լինի վստահելի, որպեսզի այդ փաստաթղթի հիման վրա մենք կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել»,- եզրափակեց Փաշինյանը: