Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Քրիստոս հենց մարգարիտների մասին ասում, որ շաղ չտանք խոզերի առաջ

Երբեմն դու հանդիպում ես մարդկանց, որ զգաս ու շոշափես նրանց հիվանդ կողմերը, նրանց ցավը բռիդ մեջ առնես և հիշես` մարգարիտները նաև ցավի ծնունդ են

«Ձեր սրբությունները մի՛ տվեք շներին և շաղ մի տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ»:

Մատթեոս Զ 6

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Քրիստոս հենց մարգարիտների մասին ասում, որ շաղ չտանք խոզերի առաջ։ Չէ՞ որ աշխարհում բազում այլ թանկարժեք քարեր կան, ինչո՞ւ է հենց այս փոխաբերությունը կիրառվում։ Նշածս հարցի վերաբերյալ, անշուշտ, իրենց խոհերն են արտահայտել հոգևոր հայրերը՝ փորձելով տալ ճշմարիտ պատասխաններ։ Բայց հիմա, այս տողերը գրելիս, ինքս ինձ թույլ եմ տալիս սեփական պատասխանը գտնել։ Եվ ինչ-որ մի բան ինձ հուշում է. որովհետև մարգարիտները ներսի ծնունդ են, որովհետև նրանց հայրենիքում՝ օվկիանոսի հատակում, ամեն բան լուռ է, ներդաշնակ, մաքուր։ Որովհետև մարգարիտ գտնելու համար պիտի համարձակություն ունենալ, պիտի սուզվել շատ խորը, փնտրել, փնտրել, փնտրել ու երբեք չհանձնվել։ Որովհետև եթե հանձնվես՝ կխեղդվես, կամ լավագույն դեպքում՝ անմարգարիտ կմնաս։ Հենց այսպես էլ պիտի ընթանա սեփական մարգարիտների որոնումը։ Որովհետև նախ պիտի ճանաչես դրանք, նախ պիտի գտնես դրանք։

Ոչ մի մարգարիտ պահի ծնունդ չէ։ Նրա ծնունդը, հասունացումը ժամանակ ու ջանք է ենթադրում։ Մարգարիտները նաև ցավի ծնունդ են, դրանք այն պարգևներն են, որը մարդը ստանում է որոշակի ճանապարհ անցնելուց հետո։ Այդ ճանապարհին ամեն ինչ հնարավոր է՝ դառնություն, անուժություն, հիասթափություն, ցավ։ Քեզ ու մարգարիտներին խնամք է պետք, գնահատելու կարողություն և գիտակցություն այն բանի, որ դու հարուստ ես։ Որ դու հարուստ ես քո ունեցածով, որ վազելու տեղ չկա, բայց ներս սուզվելու տեղ միշտ կա, նոր մարգարիտներ գտնելու, նոր մարգարիտների ծնունդ տալու հնարավորություն միշտ կա։ Եվ որ այն ամբողջ արշավը, որ տարվում է քեզ համար, ի չիք պիտի դառնա միակ փաստից՝ քո ներսը լի է անգնահատելի գանձերով։ Քո ներսի մարգարիտները ավելի մեծ արժեք ունեն, քան այն, ինչ կարող է առաջարկել քեզ դրսի աշխարհը։ Խոզերը դրսի աշխարհում են։ Բայց խոզերը քո ներսում են նաև։ Ամեն անգամ, երբ դու չես գնահատում քո ունեցածը, քեզ շնորհվածը, երբ աչքերդ փակ են քո օրհնությունների առաջ, պատրաստ ես առանց քեզ հաշիվ տալու ոտնատակ անել ցանկացած բան։

Քո մարգարիտները ճանաչելուց հետո դու ավելի լավ ես տեսնում դիմացդ կանգնած մարդու ներսի գանձերը՝ մարգարիտները։ Այդպես դու «կարդում» ես նրանց, լսում ես՝ ինչ են զգում, մտածում, պատկեր առ պատկեր տեսնում ես այն, ինչը փորձ է արվում վարպետորեն թաքցնելու․ դու սուզվում ես մարդկանց հոգու խորքը՝ մարգարիտ գտնելու թրթիռով։ Քեզ այլևս տրված է տեսողություն և ուժ՝ ճանաչելու և գտնելու դրանք, ապա օգնելու, որ դիմացինդ ևս տեսնի։ Երբեմն դու հանդիպում ես մարդկանց, որ զգաս ու շոշափես նրանց հիվանդ կողմերը, նրանց ցավը բռիդ մեջ առնես և հիշես` մարգարիտները նաև ցավի ծնունդ են։ Այդ մարդիկ ևս հիշեցման կարիք ունեն՝ համբերե՛ք, ձեր ցավից գանձ պիտի ծնվի։ Դա կոչվում է իմաստություն։

Իմ կյանքի փորձառությունն ինձ մի բանում է համոզել՝ մարդկանց պիտի օգնել միայն այն ժամանակ, երբ գիտես, որ օգնությունդ որևէ դեպքում չի ստրկացնելու նրանց․ տալ առանց որևէ ակնկալիքի, նույնիսկ այլ աղբյուրներից, որևէ լավ բան չանել՝ մտքում բումերանգի կանոնն ունենալով․ առևտրի չվերածել կյանքը։

Քո մարգարիտները չպիտի խոզերի առաջ շաղ տաս, բայց չպիտի նաև դրանց առուծախով զբաղվես։ Դրանք պիտի ընծաներ լինեն քեզ համար, քեզ շրջապատողների և աշխարհն արարած Աստծո համար։ Որովհետև Աստված է քեզ ցույց տալիս մարգարիտ ստեղծելու ուղին և ասում, որ դու գանձեր ունես, մարգարիտներ ունես, ուշադիր եղիր՝ զուր չկորցնես․․․

qahana.am