Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է

Հիմա հեծանիվով եմ գնում աշխատանքի, ասում են՝ վայ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում՝ ասում են՝ պոպուլիստ է

«Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետի կինը, թե նախագահի։

«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ քննարկումներ են, Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու: Մի ժամանակ էլ կար քննարկում հանրապետության միակն տղամարդու մասին: Դրանից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկո՞ւմ ենք մտել: Դա ի՞նչ թեմա է։ Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար հանրապետության առաջին տիկինը իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցու համար հանրապետության առաջին պարոնն իր ամուսինն է։ Բոլոր նրանց համար, որոնք դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձևավորել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընտանիքի մասին
Անդրադառնալով արտասահմանյան այցերի ժամանակ ընտանիքի որոշ անդամների կողմից իրեն ուղեկցելու մասին քննարկումներին՝ վարչապետն ասաց, որ իր ընտանիքը միշտ իր կողքին է: «Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը եղել է ինձ հետ և իմ կողքին: Երբ ես զրոյից ստեղծել եմ լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ իմ դեմ տեռոր էր իրականացվում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Երբ հանրահավաքներ եմ իրականացրել, ընդ որում՝ ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Եվ այդ ակնկալիքի հեղինակները նրանք են, որոնք հանդես են գալիս որպես Հայաստանում ավանդական արժեքների պահպաննե՞ր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր ընտանիքի ծախսերին՝ վարչապետը նշեց, որ իր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններով:
Անդրադառնալով այն քննարկումներին, որ ընտանիքի անդամներին իր հետ ևս տարել է Արցախ, վարչապետն ասաց, որ չի պատկերացնում՝ երբևէ պետք է գնա Ղարաբաղ, և այնտեղ ծառայող իր տղայի մորը և քույրերին չտանի իր հետ։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ երբ Ստեփանակերտում աշխատում էր շատ կարևոր տեքստի վրա, իր համար կարևոր էր հասկանալ ընտանիքի՝ զինվոր որդու, նրա մոր ու քրոջ զգացողությունները։

«Ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է, կարծում եմ, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդու համար ընտանիքը շատ կարևոր է: Հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում է, և հավաստիացնում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը դա հասկանում է, և մեր այսօրվա կարգավիճակը երբեք չենք չարաշահել», - նշեց վարչապետը։
Լրջորեն քննարկել ենք՝ արդյոք պետք է շարունակել այնտեղ կառավարական առանձնատանը, թե ոչ. վարչապետ

«Հիմա իմ ընտանիքն ապրում է կառավարական առանձնատանը, և այդ առանձնատունը պահվում է պետական բյուջեի միջոցներով։ Ես այն ժամանակ որոշում կայացրեցի տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետև երկրում տեղի է ունեցել հեղափոխություն,և այդ կառավարական առանձնատունը երկրում պետական իշխանության ամենակարևոր սիմվոլներից մեկն է: Այնպես չի, որ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ ընտանիքով լրջորեն քննարկել ենք, թե արդյոք պետք է շարունակել այնտեղ ապրել, թե պետք չի:

«Այս առումով բազմաթիվ հարցեր են առաջանում, պետական բյուջեի միջոցներից այդ գումարները շարունակելու են ծախսել: Մենք պետք է որոշենք՝ օտարո՞ւմ ենք այդ առանձնատունը, թե շարունակում ենք թողնել պետական: Եթե շարունակում ենք թողնել պետական, այդ սպասարկող անձնակազմը, որ ամեն օր գալիս է, ինչի՞ համար են գալիս, եթե դատարկ է առանձնատունը: Հաջորդը, այդ առանձնատան բոլոր դատարկ շենքերն ունեն նորոգման կարիք: Հիմա պե՞տք է դրա համար միջոցներ տրամադրենք, թե ոչ»,- ասաց նա:

Աննա Հակոբյանի գործունեության մասին
Նիկոլ Փաշինյանն խոսեց նաև իր տիկնոջ Աննա Հակոբյանի գործունեության մասին, ինչպես նաև կնոջ գրասենյակի՝ Բաղրամյան 26 հասցեում տեղակայման շուրջ բարձրացված աղմուկի մասին։

Վարչապետի խոսքով՝ երկրի ղեկավարի տիկինները մշտապես ունեցել են իրենց համար նախատեսված սենյակներ. «Երբ ես գնացել եմ Բաղրամյան 26-ում աշխատելու, ինձ ցույց են տվել սենյակը և ասել են՝ սա էլ Ձեր տիկնոջ սենյակն է: 1991 թվականից դա կարգ է, որոշակի կարգավիճակ է: Եթե այդ կարգավիճակը մեր երկրին պետք չի, կարող ենք ընդհանրապես վերացնել: Երբ մենք Բաղրամյան 26-ը տվել ենք նախագահականին, նույն տրամաբանությամբ նույն սենյակը հայելային հատկացվել է այնտեղ»:

Խոսելով Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամների մասին՝ նա հայտնեց, որ դրանց ստեղծման նախաձեռնողներից մեկը հենց ինքն է եղել, քանի որ խնդիրներ էին առաջացել նախկին հիմնադրամների փակվելու հետ կապված:

«Այդ հիմնադրամների շահառուները դիմում էին ինձ, ասում էին՝ եթե միջոցներ չձեռնարկեք, կոլապս կլինի: Պետք էր գտնել այլընտրանքային եղանակներ, և ես ինքս եմ նախաձեռնել, որ այդպիսի պրոցես սկսվի: Ու հիմա պարզվում է, որ այդ հիմնադրամին նվիրատվություն են արել մարդիկ, որոնք փող ունեն: Պատկերացնում ե՞ք, թե դա ինչ խայտառակություն է: Այն մեկնաբանությունները, թե մեկը փող փոխանցեց, իր գործերը լավ են, մյուսը չփոխանցեց, իր գործերը վատ են: Աննան իր հարցազրույցում լավ նշեց, որ Ինեսսա Գաբայանը հիմնադրամին գումար է փոխանցել: Երկու ամիս հետո նա ազատվեց աշխատանքից: Ուզում եմ ասել՝ փոխանցել-չփոխանցելը դրա հետ կապ չունի»,– ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խնդիր է դրվում հանրային կյանքում մեծացնել կանանց ներգրավվածությունը. «Ինձ համար Աննայի գործունեությունը կարևոր է նաև հանրային կյանքում կանանց դերի բարձրացման առումով: Ես համոզված ասում եմ՝ 2018 թվականի հեղափոխությունում վճռական նշանակություն ուներ երկու գործոն՝ մեկը երեխաների, մյուսը՝ կանանց ներգրավվածությունը, որոնք իրար հետ փոխկապակցված են: Տրամաբանական շարունակությունն այն է, որ մենք բոլոր ոլորտներում պետք է քաջալերենք կանանց ներգրավվածությունը՝ տնտեսության, հանրային ու քաղաքական կյանքում»:

Վարչապետը նաև նշեց, որ բացարձակ անհեթեթ են այն հայտարարությունները, որ Աննա Հակոբյանը ազդեցություն ունի իր կողմից կայացվող որոշումների վրա։ «Նման բան կարող է ասել մեկը, ով ինձ չի ճանաչում, մեր ընտանիքի հարաբերությունները չի ճանաչում։ Եթե նման բան լիներ, դա կլիներ խայտառակություն, բայց նման բան չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև իրեն սպասարկող ուղղաթիռի շահագործմանը՝ նշելով, որ այսօր մեր իրականության մեջ նաև նոր խորհրդանիշ է հայտնվել՝ վարչապետին սպասարկող ուղղաթիռը։

«Այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է հետևյալը. որպեսզի այդ տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ, հակառակ դեպքում կվերածվի մետաղի ջարդոնի», - ընդգծեց նա:

Այնուհետև անդրադառնալով ներկայումս իրեն սպասարկող ծառայողական մեքենային՝ վարչապետը հայտնեց, որ այն 2008 թվականին գնվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկելու համար, սակայն վերջին 3 տարիներին այն չի օգտագործվել, քանի որ համարվել է ոչ պիտանի, կա նաև BMW ավտոմեքենա, որը գնվել է 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի համար։

«Հիմա հեծանիվով եմ գնում աշխատանքի, ասում են՝ վայ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում՝ ասում են՝ պոպուլիստ է», - կատակով ավելացրեց վարչապետը: