Որևէ ոլորտում Կառավարությունը ձախողում չի ունեցել. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ ներկայացրեց պարգևավճարների հետ կապված սկանդալները

Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու այն պաշտոնյաներին, որոնք հեղափոխության օրերին եղել են իր հետ, բայց այսօր նրանց հանդեպ կա հանրային դժգոհություն։

«Իհարկե կաշկանդված չենք: Երբ  խոսում են դժգոհության մասին, օրինակ՝ ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձից որևէ մեկն ավելի դժգոհ լինի, քան ես ինքս եմ ինձնից դժգոհ։ Բայց, երբ ասում են՝ «ձախողվել են», կարո՞ղ են ասել, թե ինչի՞ մեջ են ձախողվել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, այսօր, ըստ էության, որևէ ոլորտում  իր ղեկավարած Կառավարությունը ձախողում չի ունեցել։

«Այսօր մեր պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք՝ «գործդ ձախողել ես», ուրիշ բան, որ արագության և դանդաղության հետ կապված խնդիր կա։ Մենք միայն մի ոլորտում ենք ունեցել ձախողում, և դա հանրահայտ ձախողումն էր։ Չկա այսօր մի պաշտոնյա, որին ասենք՝ «դու քո գործը ձախողել ես», երբ որ այդ պահին հասնի, այդ գիծն անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ: Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք ինչ-որ թերություններ, բացթողումներ: Այո, կան թերություներ և բացթողումներ բոլորիս գործողություններում, իմ գործողություններում էլ կան թերություններ, բացթողումներ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ չի ընդունում այն տեսակետը, երբ ամեն մի բացթողման համար աշխատանքից ազատում են այս կամ այն պաշտոնյային:

Նրա խոսքով՝ քննադատություններից պետք է դասեր քաղել. «Իմ առաջին մտածածը եղել է հետևյալը՝ որ այ ինքը, ես, պետական կառավարման համակարգը, որ այս արձագանքը,այդ  դասը ստացավ, այս  դասից մեր հետևությունն ի՞նչ պետք է լինի, որ հիմա պետք է բոլորին ուղարկենք տո՞ւն, որից հետո կգան նորերը և հաստատ մեկ այլ իրավիճակ կլինի, թե  կարող ենք մեր սխալները, բացթողումները և մեզ ուղղված քննադատություններն օգտագործել որպես դաս, որից մենք սովորում ենք և որի արդյունքում մեր աշխատանքի որակը բարձրանում է: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»:

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ ներկայացրեց պարգևավճարների հետ կապված սկանդալները, որոնք կապված էին Պետական եկամուտների կոմիտեի հետ:

«Ունեինք պարզ ընտրություն՝ կամ հանրային տրամադրությունները խաղաղեցնելու համար հանել նրանց աշխատանքից, կամ հասկանալ իրավիճակը և հանրային ճնշումն օգտագործել որպես այդ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք։  Այո, շատ խնդիրներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ երկրորդ ճանապարհով, քանի որ քավարանի միջոցով անցնելուց հետո ամեն պաշտոնյա ավելի պատասխանատու է լինում»,- ասաց  վարչապետը: