Հնագետները Բավարիայում 6,5 հազար տարեկան կմախք են գտել

Պարբերականը հիշեցնում է, որ Բավարիան միակ դաշնային երկրամասն է, որտեղ հնագիտական գտածոները պատկանում են հողատիրոջը, ոչ թե պետությանը

Հնագետները Գերմանիայի Բավարիայի երկրամասում երիտասարդի լավ պահպանված կմախք են գտել, որն ապրել է նեոլիթի դարաշրջանում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Welt պարբերականին։

Տեղեկացվում է, որ գտնված կմախքի կողքին, որին գիտնականները տվել են Ֆրեդ անունը, հայտնաբերվել են քարե կացին եւ ցորենատիպ բույսի սերմեր։ Հնագետ Սքոթ Թաքերի խոսքով՝ այս դարաշրջանի գտածոները խիստ հազվադեպ են։ Այն, որ Ֆրեդն այդքան լավ է պահպանվել, բացատրվում է ընդերքում կալցիումի օքսիդի բարձր պարունակությամբ։

Ինչպես գրում է պարբերականը, պեղումներն իրականացվել են այն բանի հետ կապված, որ գինեգործական կոոպերատիվն այս տարածքում շինություններ է ցանկացել կառուցել։ Հնագետները պետք է հետազոտեին 13 հազար քառակուսի մետր, որտեղ էլ հայտնաբերվել է Ֆրեդը։

Բացի այդ, այս տարածքում հնագետներին հաջողվել է հայտնաբերել խեցե ամանեղեն, սննդի մնացորդներ, գետի խխունջներ եւ այլ իրեր։ Մասնավորապես, գտնվել է 12 տարեկան տղայի կմախք, որն ապրել է 4,5 հազար տարի առաջ։

Պարբերականը հիշեցնում է, որ Բավարիան միակ դաշնային երկրամասն է, որտեղ հնագիտական գտածոները պատկանում են հողատիրոջը, ոչ թե պետությանը։ Սակայն Ֆրեդին պահելը կարող է շատ թանկ նստել եւ, գուցե, գինեգործները նրան կհանձնեն թանգարան։