Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Նիկոպոլից արձանագրում ենք, որ ռուս օկուպանտները հրդեհ են բռնկել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում։ Մենք սպասում ենք աշխարհի արձագանքին, սպասում ենք ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա սրա համար։ Միայն ուկրաինական հսկողությունը Զապորոժյիեի ատոմակայանի նկատմամբ կարող է երաշխավորել վերադարձ դեպի նորմալ վիճակ և ամբողջական անվտանգություն»,-Telegram-ում գրել է Զելենսկին։
Նա հրդեհի համար մեղադրել է ռուսական բանակին ու Մոսկվային։ Երկուստեք նշվել է, որ ֆոնային ճառագայթումը մնում է նորմայի սահմաններում։
Զապորոժիեի շրջանի՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածում ՌԴ վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկիի խոսքով՝ ատոմակայանի հովացման համակարգում օբյեկտ է բռնկվել։ Նրա խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել ուկրաինացի զինվորականների կողմից Էներգոդարի գնդակոծությունը, որտեղ գտնվում է ատոմակայանը։
1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։
Երկու կողմերը միմյանց մեղադրում են «միջուկային շանտաժի» մեջ։
0Comments