Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կլաարին․ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն

Մանրամասներ
ագն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որն ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել էր Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար։

«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և միայն չարիք է տեսնում ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։

Նախօրեին Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- գրել էր նա: