Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։

Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղի մասին, 4 ոչ անկլավային գյուղի մասին։ Իսկ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղի մասին։ Անգամ եթե մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի։

Այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի, և իրենք ասում են եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղի կենսական նշանակության տարածքների մասին։

Իհարկե մենք հակադարձում ենք, մենք ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև կենսական տարածքներն են։

Այս քննարկումների ժամանակ մենք բերում ենք բոլոր արդարացի փաստարկները։

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմաների ճշտման։

Ու դա անում ենք, ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է նա։