ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է առանցքային նահանգներից մեկում՝ Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների փրայմերիզում՝ հավաքելով ձայների գրեթե 55%-ը, հայտնում է BBC-ն:
Այսպիսով, Թրամփը ստացել է հանրապետական պատվիրակների առնվազն 11 ձայն, իսկ նրա միակ մրցակից Նիկի Հեյլին՝ ութ։ Հանրապետականները Նյու Հեմփշիրում ընդհանուր առմամբ 22 պատվիրակ ունեն։ Հանրապետականի թեկնածու առաջադրվելու համար նա պետք է ապահովի 1215 պատվիրակների ձայները։ Թեկնածուի անունը հայտնի կդառնա հուլիսին կայանալիք կուսակցության համագումարում։
Նիկի Հեյլին, ելույթ ունենալով կողմնակիցների հետ, շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ՝ ասելով. «Նա արժանի էր դրան, և ես ուզում եմ դա ընդունել»:
Միաժամանակ նա հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին։
«Նյու Հեմփշիրն առաջինն է, բայց ոչ վերջինը: Այս մրցավազքը հեռու է ավարտվելուց: Առջևում տասնյակ նահանգներ կան», - ասել է նա։
Հեյլին ժպտալով նշել է, որ հաջորդ փրայմերիզը տեղի է ունենալու իր հայրենի նահանգում՝ Հարավային Կարոլինայում, որտեղ նա երկու ժամկետ է աշխատել որպես նահանգապետ։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պայքարում են հանրապետականների թեկնածության համար։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բուրգումը, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը, Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը, գործարար Վիվեկ Ռամասվամին և Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին արդեն դուրս են մնացել պայքարից։ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը նույնպես հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից։
0Comments