«Տեսանք, թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունն անվանում Արևելյան Ադրբեջան». Միրզոյան

Մանրամասներ
արարատ միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց՝ Ալիևի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: «Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով, մեծ հաշվով, ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում է Արևելյան Ադրբեջան»:

Նախարարի խոսքով՝ միջազգային ներգրավվածությունը իրենք կարևորում են այն պատճառով, որ խաղաղությունը, որը, ենթադրաբար, կկառուցվի, կհաստատվի Հարավային Կովկասում, բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլ նաև տարածաշրջանային դերակատարների շահերից:

«Երևույթները, որոնց մենք բախվում ենք կամ որոնց հետ գործ ենք ունենում, ուղղակիորեն առնչվում են այնպիսի արժեքների, որոնք համամարդկային են, այսինքն` երբ որ խոսում ենք էթնիկ զտումներից, երբ որ խոսում ենք մարդկանց իրավունքներից, այս բոլորը վերաբերում են ոչ միայն երկու երկրներին, այլ նաև ողջ մարդկությանը»,- նշել է Միրզոյանը։