«Սև ցուցակ»՝ Հռոմ այցելող զբոսաշրջիկների համար

Նրանց վերադարձը քաղաք կարգելեն համապատասխան ժամկետներով՝ կախված «հանցանքների» ծանրության աստիճանից
Live24.am-ը ներկայացնում է

1

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրյա զբոսաշրջիկների համար «սև ցուցակ» կազմել, որպեսզի արգելեն այնպիսի զբոսաշրջիկների վերադարձը, որոնք իրենց պահվածքով խախտում են հասարակական կարգն ու սպառնալիք են հանդիսանում քաղաքի տեսարժան վայրերին:

romatoday.it կայքի հաղորդմամբ այդ նպատակով աջակցություն ստանալու համար Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին դիմել է մայրաքաղաքում տեղակայված օտարերկրյա դեսպանատներին:

Նախնական տվյալների համաձայն՝ զբոսաշրջիկների «հանցանքների» ծանրության աստիճանից կախված՝ նրանց վերադարձը քաղաք կարգելեն համապատասխան ժամկետներով: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես և երբվանից են մտցվելու նման սահմանափակումները: Գաղափարի իրականացման հստակ միջոցները կքննարկվեն երկրի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հետ հանդիպման շրջանակում:

Կայքը նշում է, որ Հռոմի քաղաքապետի նման որոշումը կապված է վերջերս Իսպանիայի հրապարակի շատրվանի մոտ ռուս զբոսաշրջիկների կողմից նկատված անկարգությունների հետ: Փետրվարի 10-ին երկու ռուս կին անցել էին XVII դարի շատրվանի պատնեշից այն կողմ: Կանայք չէին ենթարկվել ոստիկանների հրահանգներին և սկսել էին պարել շատրվանի վրա: