Ադրբեջանցիները կլցվեն Սյունիք և նրանց դժվար կլինի հետ շպրտել. Սեյրան Օհանյան

Մանրամասներ

Ժամանակից շուտ սահմանագծման աշխատանքներ իրականացնելը երկու դժվարագույն իրավիճակի է բերելու Հայաստանին՝ առաջինը տնտեսությանը լուրջ հարված է լինելու մանավանդ Սյունիքի հատվածում, երկրորդ, ադրբեջանցիները այդտեղ փորձելու են փոխել նաև ժողովրդագրական պատկերը, գալու են լցվեն ու շատ դժվար է լինելու իրենց հետ շպրտել:

Ասել է «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հակարիի կամուրջի մոտ այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Սա հերթական սադրանքն է Հայաստանում: Իրենք տարբեր հատվածներում են կազմակերպում սադրանքներ, իրական իրավիճակից շեղելու և իրենց նպատակները առաջ  տանելու համար: Իրենք շարունակում են ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է կանխել, հետ շպրտել»,-Թերթի փոխանցմամբ, ասել է նա:

Օհանյանը կարևորել է, որ Հայաստանի ԶՈՒ-ն և ԱԱԾ-ն միշտ մարտունակ վիճակում լինեն, միշտ կանխարգելեն բոլոր այսպիսի իրավիճակները:

«Քանի ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, որևէ ճանապարհի և որևէ սահմանագծման ուղղությամբ աշխատանք չպետք է տարվի: Ադրբեջանցիները դուրս պետք է գան Հայաստանից, իրենք պետք է իրենց պարտականությունները միջանցքի առումով կատարեն առաջին հերթին Արցախի ժողովրդի նկատմամբ»,-ասել է նա: