Հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել են գերձայնային խլացուցիչներով ավտոմեքենաներ

Մանրամասներ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում Պարեկային ծառայության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որպեսզի պայքարն ուժեղացնեն նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ ու հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները վարում են այդ խլացուցիչների առկայությամբ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրեր առաջ Պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի մտահոգությունները, որ գերձայնային խլացուցիչներով հանրապետությունում թրև եկող վարորդների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները պետք է էլ ավելի դրական արդյունք տան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա, որպեսզի հայտնաբերեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենաների մասին ոչ միայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այլ նաև քաղաքացիների կողմից ահազանգեր, որ նշված ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ։