Կիևը կապ չունի «Հյուսիսային հոսքերի» պայթյունների և Բելգորոդի մարզի հրետակոծությունների հետ. Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը հանցակից չէ անցած տարվա սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթյուններին, ինչպես նաեւ Բելգորոդի մարզի տարածքի հրետակոծություններին։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Die Welt եւ Politico պարբերականների հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահն այսպես է մեկնաբանել The Washington Post-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն իբր իմացել են պայթյուններից երեք ամիս առաջ գազատարները գրոհելու Կիեւի մտադրությունների մասին։

«Ես նախագահ եմ, եւ ես եմ տալիս համապատասխան հրամանները։ Ոչ մի նման բան Ուկրաինան չի արել։ Ես երբեք այդպես չէի վարվի»,- ընդգծել է Զելենսկին։

Նախագահը կոչ է արել արեւմտյան ԶԼՄ-ներին սկզբում իրական ապացույցներ ներկայացնել եւ հետո արդեն մեղադրել ուկրաինական իշխանություններին Եվրամիության տարածքում տեղի ունեցած դիվերսիաների մեջ։