Դեֆոլտը կանխվել է. ԱՄՆ նախագահ

Մանրամասներ

Մինչեւ պատմության մեջ երկրին սպառնացող առաջին դեֆոլտը մի քանի պահեստային օր ունենալով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Քեւին Մակքարտին կիրակի վերջնական համաձայնության են եկել երկրի պետական պարտքի շեմը բարձրացնելու գործարքի մասին, տեղեկացրել է The Associated Press-ը։

Դեմոկրատ նախագահն ու հանրապետական խոսնակը ելույթ են ունեցել ուշ երեկոյան, երբ բանակցությունների մասնակիցները շտապել են պատրաստել եւ հրապարակել օրինագծի տեքստը՝ դիտարկման համար, փոխզիջումներով, որոնց հազիվ թե կաջակցեն ծայրահեղ աջ ու ձախ թեւերը։ Դրա փոխարեն ղեկավարներն աշխատում են, որպեսզի ձեռք բերեն քաղաքական շրջանակների աջակցությունը, քանի որ Կոնգրեսը շտապում է քվեարկություն անցկացնել մինչեւ հունիսի 5-ը, որպեսզի կանխի կործանարար դաշնային դեֆոլտը։

«Լավ նորություններ,- ասել է Բայդենը կիրակի երեկոյան Սպիտակ տանը,- Համաձայնագիրը կանխում է հնարավոր ճգնաժամերից ամենավատը՝ դեֆոլտը, առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ։ Հանում է աղետալի դեֆոլտի սպառնալիքն օրակարգից»։

Նախագահը կոչ է արել Կոնգրեսի երկու կուսակցություններին միավորվել օրենքի շուտափույթ ընդունման համար։ «Խոսնակը եւ ես ամենասկզբից հստակ հասկանալ տվեցինք, որ առաջ ընթանալու միակ ճանապարհը երկկուսակցական համաձայնությունն  է»,- ասել է նա։

Փաթեթի կենտրոնական տարրը երկամյա բյուջետային համաձայնությունն է, որը նախատեսում է ծախսերի պահպանում 2024թ. մակարդակով եւ դրանց ավելացում 1 տոկոսով 2025թ.՝ երկու տարով պարտքի սահմանաչափի բարձրացման դիմաց։

Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է իր պարտքային պարտավորությունների դեֆոլտ հայտարարել մինչեւ հունիսի 5-ը՝ չորս օր ավելի ուշ, քան ենթադրվում էր մինչ այդ,- եթե օրենսդիրները ժամանակին դաշնային պարտքի շեմի բարձրացման  միջոցներ չձեռնարկեն։