Ուկրաինայի պատերազմը թուլացրել է Ռուսաստանի դիրքերը նախկին ԽՍՀՄ երկրներում. Gallup

Մանրամասներ

Ուկրաինա զինված ներխուժումը քննադատաբար վատթարացրել է Ռուսաստանի դիրքերը եւ վերաբերմունքը նրա նկատմամբ հետխորհրդային բոլոր երկրներում։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասում՝ մի տարածք, որը Կրեմլը համարում է իր շահերի եւ հատուկ ազդեցության գոտի, Ռուսաստանի ղեկավարության գործողությունների հավանությունը նվազել է ավելի քան տասը տոկոսով։ Այս մասին վկայում են Gallup սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:

Ինչպես երեւում է հարցման արդյունքներից, Ադրբեջանում Ռուսաստանի վարկանիշը նվազել է 2,6 անգամ: Պատմականորեն Կրեմլին համակրող այլ երկրներում՝ Հայաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ռուսաստանի գործողություններին հավանություն չտվողների մասնաբաժինը առաջին անգամ գերազանցել է հավանություն տվողների մասնաբաժինը։  

Ղրղըզստանում եւ Ուզբեկստանում Ռուսաստանին համակրողները նախկինի պես ավելի շատ են, բայց այնտեղ էլ ռուսական իշխանությունների հավանությունը նկատելիորեն նվազել է։

Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ՌԴ իշխանությունները կորցնում են նաեւ հարեւան պետություններում ռուսական սփյուռքի համակրանքը։ Gallup-ի հարցումների 15 տարվա ընթացքում առաջին անգամ էթնիկ ռուսների մեծ մասը հայտարարել է Էստոնիայում եւ Լատվիայում Ռուսաստանի գործողություններին չհամաձայնելու մասին, ՌԴ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքը կտրուկ ուժեղացել է նաեւ Ղազախստանում:

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում եւ Բալթյան երկրներում աճել է ԱՄՆ ղեկավարության հեղինակությունը: Հետխորհրդային երկրների մեծ մասում այն արդեն ավելի բարձր է, քան ռուսականը, ասվում է Gallup-ի գրաֆիկում։