Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգում ներառված չէ. ՀՀ ԱԳՆ

Մանրամասներ

Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը օրակարգում ներառված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ հունիսի 1-ին գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը և Ալիևը Քիշնևում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հունիսի 1-ին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ «Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի: Սա պատմական պահ է, որը չպետք է բաց թողնել»,- ասել էր Աբդուլաևան։