Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն․ Միջադեպ ԱԺ-ում

Մանրամասներ

Ես Հովիկ Աղազարյանին ու Արթուր Սարգսյանին նախազգուշացում եմ հայտարարում, ցանկություն չկա որևէ ձևով լարել իրավիճակը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Սա կազմակերպված սադրանք էր  ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին։ Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է։

Այդ պատգամավորը հայտնվեց ու սկսեց քաջալերել Արթուր Սարգսյանին, որ գնա դուխով ելույթ ունենա ու ինձ համար ակնհայտ դարձավ, որ սադրանք է նախապատրաստվում։ Հետ պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որի իրավունքը ինքը չունի, հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազրայնի վրա»։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները օգտագործեցին այս առիթը՝ դահլիճ չգալու համար։

«Ինչու, որովհետև այսօր կա հարցուպատասխան ու այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, իրավիճակը լարվի, այստեղ չստացվեց միջանցքում փորձեցին անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստանալ։ Ասելիք ու օրակարգ չունեցող  ընդդիմությունը  մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել, խնդրում եմ չտրվել այդ սադրանքներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։