ՀԱՊԿ-ը վերահաստատում է Երևանին համակողմանի օգնություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ուղարկելով դիտորդական առաքելություն

Մանրամասներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով։ Այս մասին հինգշաբթի Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի  անցած նոյեմբերի նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը Երևանին տրամադրելու համակողմանի օգնություն՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,- ասել է նա:

Թասմաղամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների պատճառով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, գրանցվում են զինված բախումների բռնկումներ։

«Իհարկե, մենք ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։