Սիրիայում Ռայիսին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմի փլուզումը շատ մոտ է

Մանրամասներ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիա պաշտոնական այցի երկրորդ օրը Դամասկոսում հանդիպել է պաղեստինյան դիմադրության խմբերի ղեկավարների և հրամանատարների հետ: Նա նշել է, որ մուսուլմանական միասնությունը և դիմադրությունը միակ միջոցն է՝ «հակազդելու սիոնիստական վարչակարգին»: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:

Ռայիսին շեշտել է, որ դիմադրությունը միակ միջոցն է՝ «պայքարելու Իսրայելի դեմ և հետապնդելու իսլամական աշխարհի նպատակները»:

Ռայիսին հավելել է, որ իսրայելական ռեժիմի փլուզումը շատ մոտ է:

«Պաղեստինում (խնդիրների) միակ լուծումը պաղեստինցիների կամքի վրա հիմնված կառավարությունն է: Եթե արևմուտքցիները պնդում են, որ քարոզում են ժողովրդավարություն, ապա նրանք պետք է համաձայնեն հաշվի նստել պաղեստինցիների քվեների հետ և հավատարիմ մնան դրա արդյունքներին», – հավելել է Ռայիսին:

Էբրահիմ Ռայիսին Սիրիա է ժամանել մայիսի 3-ին: 2011 թ.-ին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր սա Իրանի նախագահի առաջին այցն է Սիրիա: Ռայիսին հանդիպել է իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը համագործակցության 15 փաստաթուղթ են ստորագրել: