Հրթիռը մի փոքր թեքվել է. Մասկը պատմել է, թե ինչպես են պայթեցրել աշխարհի ամենամեծ հրթիռը

Մանրամասներ

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը մանրամասներ է պատմել, թե ինչ խնդիրներ էին առաջացել ապրիլի 20-ին աշխարհի ամենամեծ հրթիռի՝ Starship-ի արձակման ժամանակ և ինչպես են պայթեցրել այն։

Մասկն ասել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ 33 Raptor շարժիչներից երեքն անջատվել են գործարկումից առաջ: «Համակարգը համարեց, որ դրանք բավականաչափ «առողջ» չեն, որպեսզի աշխատեն ամբողջ հզորությամբ, ուստի անջատվեցին»,- ասել է Մասկը։ Դրա հետևանքով թռիչքի ժամանակ հրթիռը մի փոքր թեքվել է։ «Սովորաբար մենք թեքություն չենք ակնկալում. հրթիռը, իրոք, պետք է ուղիղ վեր բարձրանա»,- news-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

Թռիչքից 24 քսանյոթ վայրկյան հետո ևս մեկ շարժիչի հետ ինչ-որ խնդիր է առաջացել․ այն, ըստ երևույթին, վնասվել է և սկսել է վնասել կողքի շարժիչներից մի քանիսը: «Սակայն հրթիռը շարունակեց շարժվել»,- ասել է Մասկը:

Ըստ SpaceX-ի ղեկավարի՝ «իսկական դժբախտությունն առաջացել է», երբ թռիչքի 85-րդ վայրկյանին հրթիռը կորցրել է ինքնակառավարումը և սկսել է այս ու այն կողմ շարժվել։ Այդ պահից ի վեր Starship-ը դուրս է եկել վերահսկողությունից և շարունակել է թռչել նույնիսկ կանգ առնելու հրամանից հետո: «Վառելիքի բաքերը պատռելու համար չափազանց երկար է պահանջվել»,- ասել է Մասկը՝ նկատի ունենալով թռիչքի դադարեցման համակարգը, որը նախատեսված է վերահսկողությունից դուրս գալու դեպքում հրթիռը ոչնչացնելու համար:

Ըստ նրա՝ դա նաև վկայում է այն մասին, թե որքան ամուր է հրթիռը։ «Տիեզերանավի կառուցվածքը կարծես շատ ավելի ամուր է, քան մենք սպասում էինք»,- ասել է Մասկը՝ հավելելով, որ հավանաբար հաջորդ արձակման ժամանակ ավելի շատ պայթուցիկներ կտեղադրվեն Starship-ում, որպեսզի «հրթիռն անմիջապես պայթի, եթե անհրաժեշտ լինի դադարեցնել թռիչքը»։

Մասկի խոսքով՝ SpaceX-ի համար մյուս անակնկալն այն էր, որ արձակման հարթակի բետոնը չի դիմացել դրան։ Նա պատմել է, որ փորձարկումների ժամանակ ամեն ինչ լավ է եղել, թեև հավելել է, որ փորձարկումների ժամանակ Raptor-ի շարժիչներն աշխատել են միայն կես հզորությամբ։

Երեսուն շարժիչների միաժամանակ աշխատանքի հետևանքով վնասվել է արձակման հարթակի բետոնե հիմքը և առաջացրել է «բեկորների տորնադո», որը հարյուրավոր մետրեր շաղավիղով նետել է բետոնի բեկորները և ստեղծել է հսկայական փոշու ամպ: «Ըստ էության, սա տեխնածին փոշու փոթորիկ է, բայց մենք չենք ցանկանում դա կրկնել»,- ասել է Մասկը՝ հերքելով լուրերը, թե  բետոնի կտորները վնասել են շարժիչները։

Իլոն Մասկն ասել է, թե չի երաշխավորում, որ Starship-ի արձակման երկրորդ փորձն ավելի հաջող կլինի։ Նրա հաշվարկներով՝ այս տարի կարող է տեղի ունենալ ևս 4-5 փորձնական թռիչք։ «Այս տարի մենք կարող ենք ուղեծիր հասնելու 80 տոկոս հավանականություն ունենալ: Կարծում եմ, որ 12 ամսվա ընթացքում ուղեծիր հասնելու հավանականությունը մոտ է 100%-ին»,- ամփոփել է Իլոն Մասկը։

Նախնական պլանի համաձայն՝ Super Heavy հրթիռը պետք է վայրէջք կատարեր Մեքսիկական ծոցում՝ Բոկա Չիկա լողափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Starship-ը պետք է անջատվեր հրթիռից թռիչքից մոտ 3 րոպե անց և զարգացներ արագություն, որը մոտ է ուղեծրային, այնուհետև այն պետք է ընկներ Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ափերի մոտ։ Բազմակի օգտագործման այս տիեզերական համակարգը բաղկացած է Starship-ից (Ship 24-ի նախատիպ) և Super Heavy հրթիռից (Booster 7-ի նախատիպ): Այն պետք է ուղեծիր դուրս բերեր մինչև 150 տոննա օգտակար բեռ:

NASA-ն SpaceX-ի Starship-ն ընտրել է որպես անձնակազմով վայրէջքի առաջին մոդուլ Լուսնի հետազոտության իր Artemis ​​ծրագրի համար, որի շրջանակում  նախատեսվում է, որը տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի մակերեսին մինչև 2025-ի վերջը: Մինչ այս տիեզերանավը պետք է անցնի բազմաթիվ փորձարկումներ և ապացուցի իր պիտանիությունն այս առաքելության համար։