Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ

Երկուշաբթի՝ ապրիլի 3-ին, Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ինչպես հաղորդվում է ծառայության կայքէջում, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15։06-ին (երևանյան ժամանակով՝ 07:06)

ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 64 կմ հեռավորության վրա, օջախը՝ 94 կմ խորության վրա։

Պետրոպավլովսկ-Կամչատսկում ստորգետնյա ցնցումները բավական զգալի են եղել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, քաղաքում շինությունների պատերը ցնցվում էին, պատուհանները՝ դղրդում, իսկ մարդիկ շենքերից դուրս էին վազում փողոց։

Ինչպես գրել է Չեբրովն իր թելեգրամյան ալիքում, Կամչատկայի բնակիչներն զգացել են ստորգետնյա ցնցումները, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթին բավական մոտ։ Ընդ որում՝ ավելի ուշ նա երկրաշարժը տարածաշրջանի համար «զգալի» է որակել։