Մոտ օրերս Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «մոտ օրերս» Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին։

Այս մասին գրում է golosameriki.com-ը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը, ինչը վերջին խոչընդոտն է սկանդինավյան երկրի՝ դեպի արևմտյան ռազմական դաշինք մուտք գործելու ճանապարհին:

«ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են անդամակցության արձանագրությունը: Մոտ օրերս Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա մեր դաշինքին»,- ուրբաթ ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, տևական ժամանակ արգելափակում էր անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության համար մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։

Սակայն մարտի սկզբին Անկարան հայտարարել էր, որ պատրաստ է վավերացնել Ֆինլանդիայի թեկնածությունը մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։

Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։