Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել․ փորձագետ

Մանրամասներ

Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել, ինչի մասին վկայում են ե՛ւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկատվությունը, ե՛ւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաեւ միջազգային կառույցների զեկույցները։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա պարզաբանեց, որ Բաքուն ուժեղացնում է ճնշումը, որպեսզի Երեւանը կամովին գնա հերթական զիջման, որպեսզի հայերը ստորագրեն Ադրբեջանի համար ցանկալի փաստաթուղթը։

Սակայն դա, նրա գնահատմամբ, չի ապահովագրի Հայաստանին ապագա պատերազմներից, ավելին՝ Բաքուն ցանկանում է ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը օրինական հիմքեր կստեղծի ապագա պատերազմների համար։

«Ադրբեջանը ձեռ չի քաշի Հայաստանից։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կհաջողվի նստել ու խուսափել ապագա պատերազմներից, ապա նա սխալվում է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Բաքուն հասկանա, որ ագրեսիայի դեպքում լուրջ հակահարված կստանա»,- նշեց Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ, գլոբալ առումով փորձեր են արվում տարածաշրջանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետագայում լուծեն Ռուսաստանի եւ Իրանի հարցերը։

«Այս դեպքում կամ Թեհրանը եւ Մոսկվան ստիպված կլինեն զինված հակամարտության մեջ մտնել, կամ լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Նպատակն է Ադրբեջանի միջոցով ներքաշել Ռուսաստանին եւ Իրանին զինված հակամարտության մեջ եւ Թեհրանին ներքաշել լայնածավալ հակաիրանական առճակատման մեջ։ Մասնավորապես, նրանք փորձում են անտանելի պայմաններ ստեղծել Իրանի համար եւ մղել ակտիվ ռազմական գործողությունների, իսկ Ռուսաստանի համար՝ բացել երկրորդ ճակատը»,- հավելեց փորձագետը։