Տուգանք է սահմանվել․ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները կվերաբերվեն նաեւ պաշտոնյաների աշխատասենյակում դրված դրոշներին

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացնելով փաթեթը նշաց, որ այս փոփոխությունների նպատակն է խստացնել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։

«Բացի այդ, այդ պահանջների վերահսկողության լիազորությունն ռաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել առանց վարչական դատարան դիմելու:

Այսօրվա գործող կարգավորումների համաձայն ՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա։

Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրերնսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։

Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից, թե դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։

«Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70 հազարից 100 հազար դրամի չափով»,-  նշեց Մինասյանը։