Ո՞ւմ ԱՊՊԱ-ն կթանկանա ապրիլի 1-ից

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Այս ծրագրով ապահովագրականները մեկ ամիս է, ինչ թեստավորում են իրենց գները, որ մի քանի օր անց արդեն ներկայացնեն վարորդներին։ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ազատականացմանն ընդառաջ՝ ստացել են բոլոր ընկերությունների փաթեթները՝ տեղեկացնում է Բյուրոյի տնօրենը։

Վաղինակ Եղիազարյան (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն) - Բոլոր 6 ընկերություններն էլ ներկայացրել են, շարունակելու են աշխատել։ Ապրիլի 1-ից համակարգը կազատականցվի, ամեն ապահովագրական կունենա իր առաջարկած գները տարբեր տեսակի մեքենաների ու ապահովադիրների համար, որից ապահովադիրը կկարողանա ընտրել իրեն ձեռնտու տարբերակը:

Վաղինակ Եղիազարյանը բացատրում է․ եթե բոնուս-մալուսը վարորդի վթարների՝ անցյալի հիման վրա էր գնային ճշտումներ անում, նոր մոդելը ապագա ռիսկերն է վեր հանում։ Հիմա, օրինակ, գրեթե բոլոր ընկերությունները խոստանում են նվազեցնել մարզում գրանցված մեքենայի ապահովագրության գինը, որովհետև Երևանից դուրս վթարի հավանականությունը ցածր է։ Կազմակերպություն կա՝ հաշվի է առնելու՝ քանի տարվա ԱՊՊԱ ունեք։ Արագության գերազանցման, կարմիր լույսի տակով անցնելու և երթևեկության կանոնների այլ խախտումները ԱՊՊԱ-ի գնի վրա դեռ չեն ազդի, քանի որ Ճանապարհային ոստիկանության ու ապահովագրականների բազաներն առայժմ չեն սինքրոնացվել։ Ղեկին կնոջը տղամարդուց ռիսկային համարելու խոսակցությունների մասին Եղիազարյանն ասում է․ գենդերային այդ գործոնը հիմք կընդունեն՝ միայն երբ վիճակագրությամբ-թվերով հիմնավորվի դա։ ԱՊՊԱ-ն ազատականացնել՝ չի նշանակում թողնել ընկերությունների կամայականությանը․ գնային փաթեթները բյուրոն մանրամասն վերլուծում, նոր է հաստատում։

Վաղինակ Եղիազարյան - Հաշվի առնելով պատմությունը՝ գալիս է գործոնների: Ըստ ծրագրային հաշվարկների, կա ընկերություն որ նույնիսկ արհեստական բանականություն է օգտագործել՝ տալիս է էդ կապերը, հիմնավորում է, որ բավարար կապ կա, ասենք, մեքենայի տարիքի ու նրա ռիսկայնության, ապահովադրի տարիքի ու նրա վթարայնության, պայմանագրի ժամկետի միջև: Մնո՞ւմ են արանքներ՝ մինչև հաջորդ պայմանագիր, մարզո՞ւմ է, թե՞ մարզում չէ...

Բյուրոյի ղեկավարը վարորդներին հանգստացնում է․ եթե վթար չեն ունեցել․․․ այս բարեփոխումից ֆինանսական առումով շահելու են՝ ԱՊՊԱ-ի համար ավելի քիչ կվճարեն։ Ապահովագրականները միջինում 5 տոկոս զուտ շահույթի ախորժակ ունեն և պետք է որ անիմաստ գին չբարձրացնեն, որ հաճախորդները չփախչեն ուրիշի մոտ։ Ակտուրաները նաև գնահատական ունեն, թե ինչ արդյունք կտա շուկան մրցակցային դարձնելը։

Ըստ նախնական վերլուծությունների՝ եթե ապահովադիրների 100 տոկոսը կնքեն լավագույն գնով, ապա ապահովադիրների 56 տոկոսի դեպքում գինը կէժանանա, 26 տոկոսի դեպքում կմնա նույնը, իսկ 21 տոկոսի դեպքում գինը կավելանա:

Լավագույն գին ասածը՝ առցանց ASWA համակարգի միջոցով, բոլոր առաջարկները մի հարթակում համեմատելով ամենացածր տարբերակի ընտրությունն է։ Մեր նկարահանող խմբից՝ օպերատորի մեքենայի ԱՊՊԱ-ի համար հաշվարկվող 40 հազար դրամի փոխարեն պիլոտ-ծրագիրը ընկերություններից մեկի հաշվիչը չթարմացրած վիճակում՝ առաջարկեց միջինում 30 հազար դրամ։

Զառա Հակոբյան-Եղիազարյան (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուար) - Հիմա վճարմանն ենք անցնում ու տեսնում, որ բոլոր ընկերություններն առաջարկում են տարբեր գներ՝ այսինքն՝ գոյություն ունեցող 10 դասի համար՝ 20 հազարից մինչև 50 հազար գին տվյալ տրանսպորտային միջոցի համար:

Ի դեպ, թեստավորման փուլում, բյուրոյից բացի, դեռ միայն ապահովագրականներն են տեսնում իրենց ու մյուսների առաջարկած գները և համեմատում դրանք։ ԱՊՊԱ-ի տարբերակված գները վարորդների համար կգործեն ապրիլի 1-ից։

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում