Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային աջակցելու համար

Մանրամասներ

Եվրամիությունը շուրջ 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ երկրի կայունության ամրապնդման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո:

Նախօրյակին եվրոպացի պաշտոնյան այցելել էր Բուխարեստ, որտեղ երկրի ղեկավար Կլաուս Յոհանիսի հետ քննարկել էր անվտանգության բնագավառում Մոլդովային օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր։ «Եվրամիությունը լիովին համերաշխ է Մոլդովայի ժողովրդի հետ այս դժվարին ժամանակներում: Դուք միայնակ չեք: Անցյալ տարվա ընթացքում մենք ավելի քան 1 միլիարդ եվրո ենք հավաքագրել Մոլդովայի կայունությանն աջակցելու համար», – ասել է Միշելը Մայա Սանդուի հետ համատեղ անցկացված ճեպազրույցում։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Բրյուսելը կշարունակի տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերել Մոլդովային։ «Մենք պատրաստ ենք ավելին անել: Եվրոպական խորհրդի վերջին հանդիպման ժամանակ 27 պետությունների ղեկավարները որոշեցին համերաշխության ուժեղ ազդանշան ուղարկել Մոլդովայի ժողովրդին, և մենք խնդրեցինք Եվրահանձնաժողովին՝ ձեր երկրի համար աջակցության փաթեթը ներկայացնել մինչև ամառ», – ասել է Միշելը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մոլդովային ուկրաինացի փախստականներին օթևան տրամադրելու համար։