Բայդենը կպահպանի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում

Մանրամասներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«ԻՊ-ի դեմ մեր առաքելությունը չի փոխվի: Մենք Սիրիայում մինչև հազար զինծառայող ունենք, որոնք պայքար են մղում այս ցանցի դեմ, որը, թեև մեծապես փոքրացել է, բայց դեռ կենսունակ է», – ասել է Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանելու է իր զորքերին և իր օբյեկտները:

Նրա խոսքով՝ Բայդենը «միանգամայն կողմնակից» է այդ առաքելության պահպանմանը։ Օրերս Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել Էր անօդաչու թռչող սարքի գրոհի: Մեկ մարդ զոհվել Էր, հինգ ամերիկացի զինվորական և ևս մեկ պայմանագրային զինծառայող` վիրավորվել։

ԱՄՆ-ի իշխանությունները դրանում մեղադրել են իրանամետ սիրիական կազմավորումներին և պատասխան հարվածներ հասցրել նրանց: Դրանից հետո զինված խմբավորումները դարձյալ հարվածել են ամերիկյան ռազմաբազային:

Ներկայում ԱՄՆ-ը ոչ մեծ ռազմական ներկայություն ունի Սիրիայում։ Հիմնականում ԱՄՆ-ի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են պահում նավթի և գազի առանձին հանքավայրեր: Դամասկոսը պահանջում է այդ ուժերը դուրս բերել իր տարածքից։