Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի

Մանրամասներ

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կեպրի բաժնից։

Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80 հազար դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120 հազար դրամ։

Այսպիսով՝ նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։