Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը

Մանրամասներ

Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Չինաստանի ղեկավարը ժամանել է Կրեմլի Մեծ պալատի գլխավոր մուտքի մոտ և շքասանդուղքով երկրորդ հարկ բարձրացել պատվո պահակախմբի կողքով։ Պուտինն ու Սի Ծինփինը ողջունել են միմյանց:

Նվագախումբը կատարել է Ռուսաստանի և Չինաստանի պետական ​​օրհներգերը։ Դահլիճում նաև ներկա են գտնվել երկու երկրների պատվիրակությունների անդամները։ Առաջնորդներն անցել են Սուրբ Եկատերինայի սրահ՝ նեղ կազմով բանակցությունների։

Ավելի ուշ ընդլայնված կազմով բանակցությունները կկայանան Ալեքսանդրյան դահլիճում, իսկ փաստաթղթերի ստորագրումը՝ Մալաքիտե ճեմասրահում։ Ղեկավարները նաև հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Ծրագիրը կավարտվի պետական ​​ճաշկերույթով: Ռուսական պատվիրակության կազմում էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետներ Դենիս Մանտուրովը, Դմիտրի Չեռնիշենկոն, Տատյանա Գոլիկովան, Ալեքսանդր Նովակը, Յուրի Տրուտնևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի ղեկավարի օգնականներ Յուրի Ուշակովը և Մաքսիմ Օրեշկինը։