Կրեմլը կողմ է, որ Էրդողանն առաջադրվի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար. Բարձր ենք գնահատում նրա խաղաղարար ջանքերը

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղարար ջանքերը։ Այսպես, Կրեմլի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Թուրքմենստանի նախկին ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առաջարկն Էրդողանին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։

«Մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղարար գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու նրա փորձերը, ինչպես նաև նրա վերաբերմունքը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման նկատմամբ», - ասուլիսի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։

kommersant.ru-ն հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահը բազմիցս առաջարկել է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Բացի այդ, նա Ստամբուլում հարթակ է տրամադրել ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև եղել է հացահատիկի գործարքի կնքման նախաձեռնողներից մեկը, որը ենթադրում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերում։