Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է. Իսրայելի նախագահ

Մանրամասներ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ երկրում դատական բարեփոխումների շուրջ կատաղի պայքարն Իսրայելին հասցրել է «քաղաքացիական պատերազմի շեմին», գրում է The Guardian-ը։

«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ մարդկային կորուստներով իրական քաղաքացիական պատերազմn այն գիծն է, որին մենք երբեք չենք կարող հասնել, չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսում: Անդունդը ձեռքով դիպչելու հեռավորության վրա է», - ասել է Հերցոգը:

«Հենց հիմա՝ Իսրայելի Պետության անկախության 75-րդ տարում, մենք անդունդից ձեռքով դիպչելու հեռավորության վրա ենք»,- զգուշացրել է նախագահը։

Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկած դատաիրավական բարեփոխումներում. արդյունքում ընդդիմադիր քաղաքական գործիչները ողջունել են Հերցոգի նախաձեռնությունը, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է նախագահի ծրագիրը։

«Այն, ինչ առաջարկում է նախագահը, չի համաձայնեցվել կոալիցիայի կողմից, և առաջարկի կենտրոնական տարրերը, որոնք նա հնչեցրել է, պարզապես հավերժացնում են գոյություն ունեցող իրավիճակը: Դա տխուր ճշմարտություն է», - ասել է Նեթանյահուն:

2022 թվականի նոյեմբերին Նեթանյահուի գլխավորած աջակողմյան, կրոնական և ազգայնական ուժերի կոալիցիան հաղթել է ընտրություններում։ Նեթանյահուն երրորդ անգամ դարձել է վարչապետ, ինչից հետո Արդարադատության նախարարության նոր ղեկավար Յարիվ Լևինն առաջարկել է օրենսդրական բարեփոխում, որը ենթադրում էր, որ Արդարադատության բարձրագույն դատարանի իրավասությունները կսահմանափակվեն օրենքների և կառավարության որոշումների առնչությամբ. բացի այդ, նախարարների կաբինետը նաև վերահսկողություն կստանա դատավորների ընտրության հարցում:

Արդյունքում կառավարության դատաիրավական բարեփոխումների ծրագրերը զանգվածային բողոքի ալիք են բարձրացրել Իսրայելում։ Բողոքի ցույցերն ամբողջ երկրում շարունակվում են։ Մարտի 12-ին դրանց մասնակցել է մոտ 500 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: