ՀԱՊԿ-ը ինքն է դուրս գալիս Հայաստանից. Փաշինյան

Մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին, ասել է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից:

Նա մանրամասնել է, որ 2022-ին կազմակերպության ղեկավարը Հայաստան կատարած այցի ժամանակ իր հետ զրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ը մտավախություն ունի, որ Երևանը կարող է դուրս գալ կազմակերպությունից:

«Ես ասացի՝ գիտեք՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է այլ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում. մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Եվ իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակավ և Երևանն իր մտահոգություններն արտահայտում է տարբեր կերպ:

«Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոնի ավելացում: Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից ելնելով: Մենք երկար և հետևողական ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ, և շարունակում ենք աշխատել:

Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը Հայաստանի Հանրապետության մասին չէ, դա այն մասին է, թե առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞, թե՞ չկա: Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին», - շարունակել է Փաշինյանը:

Խոսելով ՀԱՊԿ-ին կոնկրետ հոդվածներով դիմելու խոսակցությունների մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ երբ 2022-ի նոյեմբերին և սեպտեմբերին Հայաստանում մարտական բախումներ տեղի ունեցան, հանրության մեջ քննարկումներ էին առ այն, որ ՀՀ կառավարությունը սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին, 4-րդ հոդվածով չի դիմել, հատուկ այդպես է դիմել, որ եթե ՀԱՊԿ-ը ուզենա էլ, չկարողանա որոշում կայացնել: Փաշինյանի խոսքով՝ այս տեսակետը շատ լուրջ ու երկար քննարկվել է:

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածով հնարավոր է եղել, դիմել ենք... Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է  մեզնից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է», - եզրափակել է նա: